2012-09-03 13:04:45

Հայաստանի Նախագահի Շնորհաւորական Ուղերձը` Արցախի Անկախութեան Տօնին Առիթով.
«Մենք Չենք Վախնար Մարդասպաններէն, Եթէ Նոյնիսկ Անոնք Կը Վայելեն Առաջին Դէմքի Բարձր Հովանաւորութիւնը».


Սիրելի՛ Արցախցիներ,
Ջերմօրէն շնորհաւորում եմ ձեզ անկախութեան տօնի կապակցութեամբ:
Արդէն երկու տասնամեակից աւելի է, ինչ դուք բուժում էք Ազրպէյճանի անհեռատես իշխանութիւնների սանձազերծած պատերազմի վէրքերը, վեր էք բարձրացնում մահաբեր ռումբերից ու հրթիռներից աւերուած ձեր գիւղերն ու քաղաքները, ձեր տներն ու դպրոցները, կառուցում ու շէնացնում էք ձեր հայրենի հողը: Եւ այսօր մենք վստահօրէն ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը կայացած պետութիւն է` զարգացող եւ ժողովրդավար: Սա տեսնում է ամբողջ աշխարհը, նոյնիսկ նրանք, ում դա այնքան էլ դուր չի գալիս:
1991 թուականին, երբ Արցախի ժողովուրդն իր պատմական որոշումն էր ընդունում, մենք ասում էինք Ազրպէյճանին, որ հայութեանը այդ աստիճան թերագնահատել չի կարելի: Մեզ չլսեցին: Մենք ասում էինք, որ չենք ուզում պատերազմ, բայց պատրաստ ենք եւ կռուելու ենք: Մեզ չլսեցին:
Այսօր մենք նոյնն ենք ասում. չի կար
ելի թերագնահատել հայութեանը, մենք չենք ուզում պատերազմ, բայց այն մեզ պարտադրելու դէպքում կռուելու ենք եւ յաղթելու, մենք չենք վախենում մարդասպաններից, եթէ նոյնիսկ նրանք վայելում են առաջին դէմքի բարձր հովանաւորութիւնը: Բայց մեզ էլի չեն լսում: Մեղքը իրենց վիզը:
Վերջին օրերին մենք վկան եղանք սահմռկեցուցիչ իրադարձութեան: Քնած վիճակում հայ սպային կացնահարողը ազատ արձակուեց: Այս առթիւ մենք ակնկալում ենք միջազգային կառոյցների, ինչպէս նաեւ Մինսքի Խմբի համանախագահների արձագանգը: Բայց անկախ այդ արձագանգից, Արցախի ժողովրդի եւ ողջ հայութեան անունից ես ուզում եմ հարց տալ. արդեօ՞ք, այսքանից յետոյ մոլորակի վրայ կը գտնուի մէկ մարդ, ով կ՛առաջարկի Արցախի ժողովրդին մտնել Ազրպէյճանի կազմի մէջ, մի երկրի, որտեղ ապօրինի հրամանագրերով ազատւում ու հասարակայնօրէն հերոսացւում է միայն հայ լինելու համար մարդուն սպաննող իւրաքանչիւր տականք:

Մենք գրեթէ ամէն օր, իսկ վերջին օրերին` յատկապէս, նորանոր ապացոյցներ ենք ստանում այն իրողութեան, թէ 21 տարի առաջ որքան ճիշդ էր Արցախի ժողովրդի ընտրութիւնը: Մենք նորանոր ապացոյցներ ենք ստանում, թէ ինչից է փրկուել արցախահայութիւնը: Այսօր մեծ օր է, եւ ոչինչ չի կարող փչացնել մեր փառապանծ տօնը: Խաղաղութիւն ու շէնութիւն եմ մաղթում ձեր ընտանիքներին:

Կեցցէ՛ ազատ Արցախը, որ մարմնաւորումն է Հայոց արժանապատուութեան:








All the contents on this site are copyrighted ©.